Ժամանց

«Վստահ էի՝ ինձ կբռնաբարի, բայց կապեց ոտքերս». Քիմ Քարդաշյանը ցուցմունք է տվել

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցուցմունք է տվել Ֆրանսիայում 9 տարի առաջ իր վրա կատարված հարձակման գործով։

Նա հայտարարել է, որ «լրիվ վստահ էր»՝ հարձակվողները կսպանեն իրեն:

Հայտնի ռեալիթի աստղը պատմել է, թե ինչպես են 2016թ․ Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում իրենից գողացել մոտ 10 միլիոն դոլար կանխիկ և զարդեր, ներառյալ՝ 4 միլիոն դոլար արժողությամբ նշանի մատանին, որը նվիրել էր այն ժամանակվա ամուսինը՝ Քանյե Ուեսթը:

Մեղադրյալները 35-78 տարեկան 9 տղամարդ են և մեկ կին: Նրանցից ութը հերքում են իրենց մեղավորությունը, իսկ երկուսը խոստովանել են ավելի թեթև հանցագործություններ:

Քարդաշյանը դատարան է ժամանել մոր՝ Քրիս Ջենների հետ:

Քարդաշյանը հիշել է, որ 2016 թվականի հոկտեմբերին, գիշերով, իրեն արթնացրել են հարձակվողները, և սկզբում նա չի հասկացել, թե ինչ են պահանջում տղամարդիկ:

«Այդ ժամանակ աշխարհում բազմաթիվ ահաբեկչություններ էին տեղի ունենում»,- ասել է Քարդաշյանը:

Քարդաշյանը հայտնել է՝ վախենում էր, թե տղամարդիկ իրեն կբռնաբարեն․ «Ես մերկ էի խալաթի տակ: Ամեն ինչ բաց էր, և ես վստահ էի, որ նա պատրաստվում է ինձ բռնաբարել: Ես աղոթեցի և պատրաստվեցի։ Բայց նա սեղմեց ոտքերս և կպչուն ժապավենով կապեց դրանք»,- ասել է նա:

Քարդաշյանը նշել է, որ վախենում էր, թե իրեն կսպանեն, և իր քույրը՝ Քորթնին, ու ընկերուհին՝ Սիմոն Հարուշը, որ քնած էր ներքևի հարկի հարևան սենյակում, ստիպված կլինեն փնտրել իր մարմինը:

«Ես գիտեի... նրանք կտեսնեն... որ պառկած եմ մահճակալին՝ գնդակահարված, ու դա ընդմիշտ կմնա նրանց հիշողության մեջ»,- ասել է Քարդաշյանը: