Ժամանց

Կաննը արգելում է կարմիր գորգի վրա մերկությունը ընդգծող հագուստը

Կաննի կինոփառատոնում նոր կանոններ կսահմանվեն․ կներդրվի «dress code»։ Փառատոնում կարգելվի ներկայանալ չափազանց բաց հագուստով, կիսամերկ կամ մերկությունն ընդգծող զգեստներով։

Թեև նախկինում մերկությունը պաշտոնապես թույլատրված չէր, Կաննը 78-րդ փառատոնի նախօրեին թարմացրել է հագուստի քաղաքականությունը՝ նշելով. «Մերկությունն արգելված է կարմիր գորգի վրա, ինչպես նաև փառատոնի ցանկացած այլ տարածքում»։

Չնայած այսպիսի արգելքները սովորական են պակաս շքեղ վայրերում, այս փոփոխությունը մեծ արձագանք գտավ, մասնավորապես, վերջին շրջանում տարածում գտած թափանցիկ և «մերկ զգեստների» պատճառով, ինչպիսին էր Բիանկա Սենսորիի կերպարը Գրեմմիի ժամանակ։

Լրագրողների հարցին ի պատասխան, Կաննի ներկայացուցիչները պարզաբանել են, որ նոր կանոնները պարզապես հստակեցրել են այն սկզբունքները, որոնք վաղուց արդեն գործում են։

«Նպատակն առհասարակ հագուստը կարգավորելը չէ, այլ ամբողջական մերկության արգելումը՝ փառատոնի ինստիտուցիոնալ ձևաչափին և ֆրանսիական օրենսդրությանը համապատասխան»․ նշել են կազմակերպիչները։

Փառատոնը նաև հայտնել է, որ ծավալուն զգեստները, հատկապես՝ երկար փեշերով, որոնք խոչընդոտում են հյուրերի շարժն ու նստելը, նույնպես չեն թույլատրվի։

Չնայած այս խիստ կանոններին՝ առաջ հայտնի մարդիկ, ինչպիսիք են Բելլա Հադիդը, Նաոմի Քեմփբելը և Քենդալ Ջենները, հաճախ կրել են բաց հագուստ։ 

Նշենք նաև, որ դեռ 2018-ին Կաննը արգելել էր սելֆիները․ փառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոյի խոսքերով՝ դրանք «զզվելի» են, բայց շատ հայտնիներ այսօր էլ շարունակում են լուսանկարվել պալատի աստիճանների վրա։

Փառատոնը կմեկնարկի այսօր։

Պատրաստեց Ալվարդ Բաղդասարյանը։