Snap ընկերությունը հայտնել է, որ երկրորդ եռամսյակի ֆինանսական կանխատեսում չի ներկայացնի։ Պատճառը տնտեսական անորոշությունը և ԱՄՆ-ի մաքսատուրքերի հնարավոր ազդեցությունն է թվային գովազդի շուկայի վրա։ Այս հայտարարությունից հետո ընկերության բաժնետոմսերը նվազել են 13%-ով. գրում է Reuters-ը։
Չնայած դրան՝ առաջին եռամսյակում Snap-ը գրանցել է որոշակի հաջողություններ. Snapchat+ բաժանորդների թիվն աճել է 59%-ով՝ հասնելով 15 միլիոնի, իսկ օրական ակտիվ օգտատերերը՝ 9%-ով (մինչև 460 միլիոն)։ Ընկերությունը նաև հայտնել է, որ իր ամսական ակտիվ օգտատերերի թիվը հասել է 900 միլիոնի՝ մոտենալով 1 միլիարդի իր նպատակին։
Գովազդային եկամուտների զգալի մասը՝ 75%-ը, կազմել են ուղիղ արձագանք ունեցող գովազդները, որոնք ուղղված են կոնկրետ գործողությունների, ինչպես, օրինակ, հավելվածի ներբեռնումներ կամ կայքի այցելություններ։
Ընդհանուր գովազդատուների թիվը տարեկան կտրվածքով աճել է 60%-ով, հիմնականում՝ փոքր և միջին բիզնեսներից։
Ընկերության եկամուտը եռամսյակում կազմել է 1.36 միլիարդ դոլար՝ գերազանցելով կանխատեսումները։ Միևնույն ժամանակ, Snap-ը կրճատել է տարվա ամբողջական ծախսերի կանխատեսումը՝ հասցնելով այն 2.65-2.70 միլիարդ դոլարի սահմանին։