Վատիկանի թանգարանները հանրությանը ներկայացրել են Ռաֆայելի որմնանկարներով հայտնի չորս սենյակներից վերջինը՝ Կոստանդինի սենյակը, որի վերականգնումը նոր լույս է սփռում Վերածննդի գեղարվեստի բարձրագույն նվաճումների վրա։ Ըստ մասնագետների՝ այս սենյակի գեղարվեստական արժեքը որոշ առումներով մրցում է անգամ Սիքստինյան կապելլայի հետ։
10 տարի տևած վերականգնման աշխատանքները բացահայտել են Ռաֆայելի կողմից կիրառված նորարարական որմնանկարչական տեխնիկան։ Չնայած նկարիչը չի հասցրել ավարտել այս նախագիծը, սակայն վերականգնողները հայտնաբերել են, որ Ռաֆայելը պատերին կիրառել է ոչ թե ավանդական ջրաներկ, այլ յուղաներկ։ Բացի այդ, պատերի վրա տեղադրված է եղել գամերով փակցված ցանց՝ պատրաստված խեժապատ մակերեսով, որի վրա իրականացվել է նկարչությունը։
Թանգարանի աշխատողներն այս հայտնագործությունների մասին տեղեկացել են վերականգնման աշխատանքների ավարտից հետո՝ փայտամածների ապամոնտաժման ընթացքում։
Կոստանդինի սենյակը, որն ունի ընդունարանային նշանակություն, նկարազարդվել է Ռաֆայելի և նրա աշակերտների կողմից՝ 16-րդ դարի առաջին քառորդում։ Այն նվիրված է Հռոմեական կայսր Կոստանդին Մեծին, ով առաջիններից էր, որ քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն։