Երբ տարիներ շարունակ ապրում ես մի քաղաքում, ժամանակի հետ սկսում ես չնկատել դետալները, թվում է՝ ամեն ինչ տեսել ես, գիտես, ու ուշադրության արժանի էլ ոչինչ չկա։
Իսկ ի՞նչ պատմություն ունեն այն փողոցները, որտեղով ամեն օր շտապելով անցնում ենք, այն կառույցները, որոնք ամեն օր տեսնում ենք, ով է գծագրողը, ով է կառուցողը, ինչ տրամաբանությամբ են դրանք ստեղծվել և ինչպես են փոխվել տարիների ընթացքում։
Երևանի կոնյակի գործարանի կողմից ներկայացված «ARARAT» ձայնային ուղեցույցը հրաշալի հնարավորություն է երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար՝ գտնելու այս հարցերի պատասխանները։

«ARARAT» Երևանի ձայնային ուղեցույցն առաջարկում է մոտ մեկ ժամ տևողությամբ զբոսանք Երևանի կենտրոնով, որը մեկնարկում է Ռադիոտան մոտ և բերում Աբովյան փողոցում գտնվող «Ֆենիքս» բար։
Ներկայացված ձայնային ուղեցույցում, օրինակ, ներառված է Շախմատի տունը, որն ամեն օր հանդիպում եմ իմ ճանապարհին, ու, ինչպես պարզվեց ձայնային ուղեցույցը լսելուց հետո, քիչ բան գիտեմ դրա մասին։
«Նավակ հիշեցնող եռանկյունաձև այս շենքը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունն է` մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը։ 1970 թվականին կառուցված այս շենքը իր ժամանակների համար ճարտարապետական համարձակության և նորարարության անկրկնելի օրինակ է»,- նշվում է ուղեցույցում։

Ուղեցույցում լրագրող և գրող, Երևանի մասին մի շարք գրքերի հեղինակ Մարկ Գրիգորյանն է խոսում, պատմում Երևանի մասին հին ու հետաքրքիր պատմություններ։

Երևանն այն հյուրընկալ քաղաքն է, որը կարող է անվերջ ոգեշնչել. ասում է Երևանի կոնյակի գործարանի վաճառքների և շուկայավարության տնօրեն Անուշ Համբարձումյանը։
«Մենք ցանկանում ենք հանդես գալ մի նախաձեռնությամբ, որը թույլ կտար երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին՝ զգալ մեր քաղաքի անկրկնելի հմայքն ու նրա հարուստ պատմությունը։ Այս ձայնային ուղեցույցը պարզապես հետագիծ չէ, այլ Երևանի հանդեպ սիրո պատմություն։ Լիահույս եմ, որ այս փորձառությունը յուրաքանչյուրի համար կդառնա գեղեցիկ հիշողություն՝ ուղեկցված Ararat-ի ջերմությամբ։ Թեպետ աուդիոգիդում ներառված չէ ARARAT թանգարանը, շատ խորհրդանշական է, որ այն նախագիծը մեկնարկում է հենց այստեղ՝ ARARAT թանգարանում։ Մեզ համար կարևոր է Երևանի ամենաայցելվող թանգարանից մեկի՝ ARARAT-ի տասնյակ հազարավոր հյուրերին ներկայացնել մեր քաղաքը, հնարավորություն տալ բացահայտելու թե նրա պատմական ժառանգությունը, թե ժամանակակից զարկերակը»,- նշում է Անուշ Համբարձումյանը։

Վստահաբար, շատերս ենք այցելել «Մոսկվա» կինոթատրոն․ 1936 թվականին բացված այս կինոթատրոնը մեկնարկել է իր աշխատանքը հայկական առաջին հնչյունային ֆիլմի՝ «Պեպո»-ի ցուցադրմամբ։ Ձայնային ուղեցույցում «Մոսկվա» կինոթատրոնը 10 կանգառներից մեկն է միայն։
«Այն եղել է Խորհրդային միությունում 2 սրահ ունեցող առաջին կինոթատրոններից մեկը։ Ըստ Էության՝ այնտեղ 3 սրահ կար, 1 փոքրը՝ փակ կինոդիտումների համար։ Այս շենքը կառուցվել է ճարտարապետներ Տիրան Երկանյանի և Գևորգ Քոչարյանի նախագծով: Նախասրահում նախկինում նվագում էր նվագախումբ, և շատ երևանցիներ գալիս էին այստեղ ուղղակի երաժշտություն լսելու համար»,- պատմում է Մարկ Գրիգորյանը աուդիոուղեցույցում։

Իսկ եթե հետաքրքրում են ուղեցույցում առկա մյուս փողոցների ու կառույցների պատմությունները, պարզապես կարող եք այցելել yerevanguide.araratbrandy.com հարթակ ու գրող, լրագրող Մարկ Գրիգորյանի հետ զբոսնել Երևանով ու բացահայտել քաղաքն այլ գույներով։ Իսկ զբոսանքի ավարտին ձայնային ուղեցույցը նախատեսել է անակնկալ օգտվողների համար։
Անժելա Պողոսյան