Մշակույթ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։ Այցի ընթացքում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը, որը գրողին ներկայացնում է նորովի։

Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Ցուցադրությունը կայացել է նախարարության աջակցությամբ և անհատ բարերարների օգնությամբ։ Ցուցադրության իրականացման համար նախարարությունը տրամադրել է շուրջ 7 միլիոն դրամ։

Ցուցադրության շրջայցն իրականացրել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողներ, որոնք ապագայում պատրաստվում են դառնալ զբոսավարներ։

Ի թիվս այլ ծրագրերի՝ նախարարության աջակցությամբ ստեղծվել է մուլտֆիլմ՝ հիմնված «Ալագյազի մանիները» պոեմի վրա։ Նախագիծը նպատակ ունի Իսահակյանի գրական ժառանգությունը ներկայացնել նոր՝ տեսաարվեստային ձևաչափով։