Երևանի փողոցներում կիրականացվի 55,3 կմ երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ վարչական շրջանների երկրորդային փողոցներում փոսալցման աշխատանքները չեն արվել։
Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ասաց, թե առաջնային փողոցներում փոսալցման աշխատանքները նախորդ շաբաթ մեկնարկել են. «Ընթացքը գնահատում ենք բավարար, բավական լավ, ակտիվ տեմպով է ընթանում»,- ասել է նա։ Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ Կենտրոն, Նոր Նորք և Արաբկիր վարչական շրջաններում, հաշվի առնելով ցերեկվա ժամերի ակտիվ երթևեկությունը, աշխատանքները գիշերն են իրականացնում. «Բոլոր կապալառուների հետ ունենք պայմանավորվածություն, որ պետք է 24 ժամվա ընթացքում բոլոր քանդած փոսերը կարողանան ասֆալտապատել»։
Ինչ վերաբերում է երկրորդական փողոցների փոսալցմանը, դրանց մրցույթները չեն կայացել:
«Ինչ փոփոխություն ուզում ենք անել, մանավանդ, եթե արվում է համատարած, պետք է արվի ընթացիկ տարվա պրոցեսները չխանգարելու տրամաբանությամբ»,- արձագանքել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: