Միջազգային

Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով

Թբիլիսիում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ բողոքի ցույցերն ուղեկցվել են բախումնրով։ Ոստիկանությունն ու հատուկ ջոկատայինները ցուցարարներին հետ են մղել Վրաստանի խորհրդարանի շենքից, որտեղ երեքշաբթի տեղի էր ունենում հերթական ակցիան․ Radar Armenia-ն տեղեկացավ միջազգային լրատվամիջոցներից։

Խորհրդարանականները երեքշաբթի օրը չեն հասցրել ավարտել օրինագծի քննարկումը եւ այն տեղափոխել են չորեքշաբթի:

Ի սկզբանե Վրաստանի ՆԳՆ-ն կոչ էր արել հանրահավաքի մասնակիցներին ապաշրջափակել շենքի ելքերը, ինչից հետո սկսվել էին ձերբակալությունները: Միաժամանակ ոստիկանությունը սկսել է արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների դեմ՝ փորձելով նրանց հետ մղել խորհրդարանի ծառայողական մուտքից։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խստորեն դատապարտել է ՆԳՆ աշխատակիցների գործողությունները:

Տեղական ժամանակով կեսգիշերից քիչ առաջ դեպքի վայրում լրագրողները հայտնել են, որ հատուկ ջոկատայինները սկսել են ցրել հանրահավաքը՝ կիրառելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:

Դատելով վրացական հեռուստաալիքների հեռարձակած կադրերից՝ ոստիկանությունը հետ է մղել հավաքվածներին, և նախ փակել փողոցը, որը տանում է դեպի խորհրդարանի ծառայողական մուտք, իսկ հետո սկսել է ազատել Ռուսթավելի պողոտան:

Սակայն ցուցարարների մի մասը վերադարձել է Ռուսթավելի պողոտա։ 

Ոմանք փորձել են բարիկադներ կառուցել՝ դրա համար օգտագործելով աղբամաններ, հովանոցներ և երկաթե արգելապատնեշներ ։