Հասարակություն

Շենգեն վիզա ստանալը դարձել է դրամա. ազատականացման հակառակ երեսը

Հայաստանում ԵՄ երկրներ մուտքի արտոնագիր ստանալու համար դեսպանատներում և նրանց կողմից պատվիրակված վիզա կենտրոններում հերթերն այնքան շատ են, որ այցելության և փաստաթղթեր ներկայացնելու օր վերցնելու համար հարկավոր է սպասել առնվազն 6 ամիս, կամ զբոսաշրջության ընկերությունները լրացուցիչ վճարի դիմաց փորձում են «խնդրին լուծում գտնել»։

Radar Armenia-ն ներկայացնում է, թե ԵՄ երկրներ մուտքի արտանգիր ստանալու համար ինչ ընթացակարգով պետք է անցնել և որքան ժամանակ պետք է սպասել։ 

Գերմանիայի դեպքում միջնորդ կազմակերպություններ չկան։ Թեև դեսպանատունը հերթագրում է քաղաքացիներին, բայց այստեղ ևս հարկավոր է մի քանի ամիս՝ ավելի քան կես տարի սպասել։ Այնպես որ, եթե նախապես չեք հոգացել վիզայի օր վերցնեու մասին, արագ Գերմանիա մեկնելու ցանկության դեպքում կարող եք ստիպված լինել սպասել 6 և ավելի ամիսներ։

Իսկ Չեխիայի դեպքում իրավիճակն ավելի դրամատիկ է։ Դեսպանատունը նորամուծություն է առաջ քաշել. մուտքի վիզա ստանալու համար քաղաքացին պետք է մասնակցի վիճակահանության, բայց մինչ այդ պետք է յուրաքանչյուր ամսվա 15-ին և 30-ին` տեղական ժամանակով ժամը 20:00-ից մինչև 02:00-ը գրանցվել՝ դեսպանատան հատուկ էլհասցեին կոնկրետ բովանդակությամբ նամակ ուղարկելով: Վիճակահանությունը, ըստ դեսպանատան, պատահականության սկզբունքով է, ինչը նշանակում է, որ ստացված էլ. նամակների հերթականությունը այլևս էական չէ: Դեսպանատնից խորհուրդ են տալիս գրանցման նամակները ուղարկել գրանցման առաջին ժամերին, ոչ թե գրանցման պատուհանի ավարտին: Վերը նշված ժամկետից հետո բոլոր էլ. նամակները, որոնք բավարարել են նշված պայմաններին, կենթարկվեն վիճակահանության: 

Հայաստանից Լեհաստան մեկնելու համար դեսպանատանը վիզայի օր վերցնելը, կարելի է ասել, նորմալ պրակտիկայով տարտարոսյան չարչարանքներ է ենթադրում։ Հերթագրվելու համար նախատեսված պատուհանը բացվում է միայն ամսվա վերջին շաբաթ օրը։ Եվ եթե այնքան արագաշարժ եք, որ կարող եք վայրկյանների ընթացքում հերթագրվել, ուրեմն կստացվի, հակառակ դեպքում տառապեք հաջորդ ամիս։

Իտալիայից մուտքի թույլտվություն կարող եք ստանալ բացառապես TLScontact վիզա կենտրոնում։ Դեսպանատունն այս գործը պատվիրակել է կենտրոնին, որտեղ օր վերցնելու համար գուցե կսպասեք մի քանի ամիս։ Իսկ արտահերթ տարբերակով օր վերցնելը հնարավոր է կենտրոնի մատուցած տարբեր ծառայություններից օգտվելու դեպքում, այսինքն՝ հավելյալ վճարել։

Ավստրիա, Հունաստան, Լիտվիա և Խորվաթա մուտք գուրծելու արտոնագիր ստանալու համար նույնպես պետք է անցնել այս գլխացավի միջով՝ կամ ամիսներով սպասել, կամ էլ հավելյալ գումարներ վճարել միջնորդներին, որպեսզի օր վերցնելու հնարավորություն ստանաք։ Ինչպես դժգոհում են հազարավոր քաղաքացիներ, դեպի ԵՄ երկրներ երկարաժամկետ, այսինքն՝ բազմակի մուտքի վիզա ստանալն էլ ոչ միայն երաշխավորված չէ այս ընթացակարգային դժվարությունների արդյունքում, այլև շատ հավանական է, որ չեք ստանա՝ հարկադիր լինելով տարվա մեջ ներքաշվել թղթաբանության, երկար հերթերի ու միջնորդներ փնտրելու փակ շղթաներում։ Դեսպանատները հիմնականում տրամադրում են մեկանգամյա մուտքի վիզա։

Մինչ Հայաստանի քաղաքացիները եվրոպական երկրներ մեկնելու համար անցնում են ոչ միայն դաժան ընթացակարգերի, այլև անգամ նվաստացման փուլերով, պետական ինստիտուտներն ու Ժոզեպ Բորելը ավետում են ՀՀ-ի հետ ԵՄ-ի վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս և որքա՞ն ժամանակ հետո կարելի է հասնել վիզայի ազատակացմանը, երբ ԵՄ երկրներ մուտք գործելու մեկ անգամյա վիզա ստանալու համար այսպիսի խնդիրներ կան։ 

Հայկ Մագոյան