Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, կոմիտեի Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների, էլեկտրոնային առևտրի և փոստային փոխադրումների սպասարկաման և հսկողության վարչությունների, ինչպես նաև ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ, Զվարթնոց օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` «Գլոբալ շիփփինգ» ընկերության միջոցով ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Առաքանու մեջ բացի անձնական օգտագործման իրերից և սննդամթերքից հայտնաբերվել է «E401» գրառմամբ 90 հաբ։ Հայտնաբերված հաբերը ստուգվել են համապատասխան սարքով: Էկրանին արտացոլվել է «ամֆետամին» գրառումը, որը համարվում է թմրամիջոց: Նշված զանգվածների հայտնաբերման փաստով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ ձեռնարկել են «Վերահսկելի մատակարարում և գնում» անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումը: «Ամֆետամին» տեսակի թմրամիջոցի զանգվածների փոխարեն նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ փոխարինված՝ ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին Երևանի Մաշտոցի պողոտայում գործող «ԳԼՈԲԲԻՆԳ» ընկերության սպասարկման սրահից ստանալուց հետո, ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ և ԱՄՆ քաղաքացի Հ. Դ.-ն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:
Փաստի առթիվ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։