Հասարակություն

«Ամենամեծ մտավախությունն այն է, որ ծավալների մասին պատկերացում չունենք». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ 2023թ. գրեթե կրկնապատկել են առողջապահության ոլորտում պետպատվերի ֆինանսավորումը. «Հարց է ծագում՝ բա ոնց է լինում, որ անընդհատ ավելացնում ենք, և պարզվում է՝ չի հերիքում։ Դա միայն մեկ բանի պատճառով՝ նախկին շրջանում այդ մարդիկ, որոնք օբյեկտիվորեն այդ ծառայության անհրաժեշտությունը չեն ունեցել, նրանց առաջ դռները պինդ փակած են եղել։ Հիմա, երբ դռները բացվել են, այդ մարդկանց մեծ հոսքը, հասկանալով, որ կատակ չի, վերնագիր չէ, ծառայությունը հասանելի է, ուղղվում է դեպի բժշկական կենտրոններ»։

Նա նշել է, որ նախկինում գումար էր տրվում բժշկական կենտրոններին պետպատվերի համար, և սպասարկումն իրականացվում էր այդ ծավալներով, այժմ մոտեցումը փոխվել է. «Ասել ենք՝ ով կգա, կսպասարկես, հետո մենք նրա համար կվճարենք»։ 

Ըստ նրա՝ 2018թ. առաջին եռամսյակում սպասարկվել է 28972 դեպք, 2024թ․՝ 84374. «Համարյա եռապատկվել է մարդկանց թիվը, որ բյուջեի հաշվին ստանում է բուժսպասարկում»։

Վարչապետի խոսքով՝ մարդկանց հոսքը այնքան մեծ է, որ «պետբյուջեն չի հասցնում դրա ետևից»։ Նա նշել է, որ ներդրվում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգ. «Մեր քննարկումների արդյունքում ամենամեծ մտավախությունն այն է, որ ծավալների մասին պատկերացում չունենք, որ կարող է մտնենք այնտեղ, ու պարզվի՝ բեռը այնքան մեծ է, որ անգամներով տարբերվում է մեր պատկերացումներից»։