Հասարակություն

Հաշտարարների համայնքի ընդլայնման գործընթացը շարունակվում է

Արդարադատության նախարարության, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Արբիտրաժի ու հաշտարարության հայաստանյան կենտրոնի համագործակցությամբ ապրիլի 29֊ից մայիսի 3-ը տեղի է ունեցել հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսուցման երկրորդ դասընթացը։  
   
Դասընթացին մասնակցության հայտ էր ներկայացրել ավելի քան 40 հավակնորդ, որոնցից 22-ը հնարավորություն են ստացել մասնակցել Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ-հաշտարարների կողմից մշակված 33 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացին: Դասընթացն ավելի ընդգրկուն և օգտակար դարձնելու նպատակով հրավիրյալ միջազգային և ազգային փորձագետներն ու դատավորները կիսվել են հաշտարարության ոլորտում իրենց արժեքավոր փորձով և օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ դիտարկումներով։     

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին ավարտական վկայականներ են շնորհել Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, Եվրոպայի խորհրդի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ազգային համակարգող Արման Զրվանդյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավունքի գերակայության ծրագրի ղեկավար Մարիա Սիլվանյանը և «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» տնօրեն Տաթևիկ Մատինյանը։  
  
Տիգրան Դադունցը շնորհակալություն է հայտնել գործընկերներին այս կարևոր դասընթացի կազմակերպմանն աջակցելու համար՝ նշելով, որ հաշտարարության նկատմամբ հետաքրքրվածությունը աննախադեպ է, ինչը խոսում է այն մասին, որ բարեփոխումների մեկնարկը կարելի է հաջողված համարել: Տիգրան Դադունցը շեշտել է նաև, որ նախարարությունը մեծ ջանքեր և ռեսուրսներ է ներդնում ոլորտի զարգացման համար՝ նպատակ ունենալով հաշտարարությունը դարձնել վեճերի լուծման արդյունավետ եղանակներից մեկը՝ միջազգային լավագույն փորձին ու չափանիշներին համապատասխան:  

Հնգօրյա ինտենսիվ դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել որակավորման ստուգմանը, որը հաղթահարելու դեպքում Հայաստանի հաշտարարների համայնքը կհամալրվի նոր մասնագետներով: