Հասարակություն

Նռնակի պայթյունի հետևանքով Սիսիանում 14-ամյա երեխա է վիրավորվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պայթյունի հետևանքով Սիսիան համայնքի 14-ամյա անչափահաս բնակչի կողմից մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 

«2024 թ․ մայիսի 1-ին՝ ժամը 14։08-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ առարկայի պայթյունի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Սիսիան համայնքի 14-ամյա բնակիչը։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախնական տվյալներով՝ նույն օրը՝ ժամը 11։40-ի սահմաններում, հիշյալ անչափահասը իրենց տան տանիքից գտել է հանգուցյալ պապի կողմից դեռևս 1991 թ․ ԼՂ-ի տարածքից բերված նռնակի պայթուցիչը, տեղափոխել ավտոտնակի մոտ և, չհասկանալով, թե ինչ է, ցանկացել է հանել պայթուցիչի օղակը։ Արդյունքում՝ տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով 14-ամյա տղան ստացել է մարմնական վնասվածքներ։

Վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել է նռնակի պայթուցիչի լծակ և պայթուցիչի հարվածական մեխանիզմ՝ դանդաղեցուցիչով։ ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնին հանձնարարություն է տրվել՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։