Հասարակություն

Տեղի է ունեցել Մշակույթի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը:

Հոգաբարձումների խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ, Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներ:

Նախարարն անդրադարձել է «Մշակութային զարգացման հիմնադրամի» նպատակներին ու գործունեությանը՝ կարևորելով նոր կառույցի դերակատարումը. «Մշակույթի բարեփոխումների փուլում կարևորել ենք այս կառույցի ձևավորումը և ակնկալում ենք արդյունավետ և տեսանելի բովանդակային աշխատանք, որը կբարելավի մշակութային գործունեության միջավայրը, ինչպես նաև կնպաստի մեր հարուստ մշակույթի ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը, ոլորտի տեսանելիության բարձրացմանն ու հանրահռչակմանը»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Մշակույթի զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստի օրակարգում ընդգրկված էին «Մշակույթի զարգացման» հիմնադրամի նպատակների, 2024 թ. գործունեության, նախահաշվի, կառուցվածքի և հաստիքացուցակի, տնօրենի ընտրության չափանիշների վերաբերյալ հարցերը:

«Մշակույթի զարգացման» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ավետիսյանը ներկայացրել է հիմնադրամի նպատակները ու գործունեության ոլորտները, տարեկան ծրագիրը, կառուցվածքը և հաստիքացուցակը, հիմնադրամի 2024 թվականի նախահաշիվը և ոչ ֆինանսական ցուցանիշները:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև «Մշակույթի զարգացման» հիմնադրամի գործունեությանն առնչվող տարբեր հարցեր։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ 306-Ա որոշմամբ ստեղծվել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամը և հաստատվել է կանոնադրությունը: