Հասարակություն

Հնարավորություն կընձեռվի համայնքներում պետական ծառայություններ մատուցել

ԱԺ-ն քննարկել է ««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը և կից նախագծերի փաթեթը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ դեռևս 2016 թվականին հայտարարել ենք որպես քաղաքականություն, որ պետական որոշակի գործառույթներ կարող են մատուցվել ոչ միայն լիազոր մարմինների համապատասխան թվային հարթակների միջոցով, այլ կարելի է և պետք է օգտագործել թվային ավելի լայն հնարավորություններ, ինչը ծառայություններն ավելի հասանելի ու մատչելի կդարձնի բնակչության համար: Ներկայում մեծացվել է այդ հնարավորությունը և 75 բնակավայրում, որոնք ընդգրկված են 51 համայնքներում ունենք քաղաքացիների սպասարկման տեխնիկական և ծրագրային միջոցներով պատշաճ համալրված գրասենյակներ: 

Ներկայացվող օրինագծերի փաթեթի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի համար լիազորող նորմեր սահմանելու անհրաժեշտությունից:

«Ցանկանում ենք այդ պետական ծառայությունները, որոնք սահմանված են Կառավարության համապատասխան որոշումով մատուցել նաև այդ բնակավայրերից: Կառավարությանն  անհրաժեշտ է լիազորող նորմ, որպեսզի կարողանանք համալրել համայնքների ցանկը: Սահմանելով լիազորող նորմ՝ կկարողանանք իրացնել լրացուցիչ հնարավորությունները և մատուցել այդ ծառայություններ համայնքներում»,- ասել է նա։