Հասարակություն

Ձերբակալման պահին մեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է

Ըստ շրջանառվող լուրերի՝ Տաշիրի ՌՈ պետը ծեծի է ենթարկել ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու, որի ՊԲ մեքենան առգրավվելու շուրջ իրավապահները գործ են սկսել։

Մեկնաբանության համար Radar Armenia-ն դիմեք ՆԳՆ, որտեղից հայտնեցին, որ ՊԲ մեքենաներ առգրավելու գործընթացում նախարարությունը որևէ գործառույթ չի իրականացնում։

«Ինչ վերաբերում է դեպքին, ապա մարտի 12-ին, ժամը 15.20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները Մեծավան գյուղի Մյասնիկյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ուրալ» մակնիշի մի ավտոմեքենա։ Պարզվել է, որ վարորդը տրանսպորտային միջոցը վարել է փոխարինված համարանիշերով, որոնք չէին համապատասխանում մեքենայի նույնականացման համարին։ Ավտոմեքենան տեղափոխվել է Տաշիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Մարտի 13-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Տաշիրի բաժնի համայնքային ոստիկանները նկատել են, որ նշված ավտոմեքենայի վարորդն ու մի տղամարդ բացել են պահպանության տակ գտնվող «Ուրալի» շարժիչի ծածկոցը և գործիքով ինչ-որ աշխատանք են կատարում։

Ոստիկանները մոտեցել, ներկայացել են և հայտնել, որ մեքենան գտնվում է պահպանության տակ և առանց թույլտվության այդտեղ գտնվել չի կարելի։ Ոստիկանության ծառայողները պահանջել են դադարեցնել աշխատանքը, սակայն տղամարդիկ ոստիկանների հասցեին հայհոյանքներ են հնչեցրել, քաշքշել են նրանց»,- հայտնեցին ՆԳՆ-ից` հավելելով, որ օրինական պահանջը չկատարելու, ինչպես նաև ոստիկանների օրինական գործողություններին միջամտելու համար վարչական ձերբակալում կատարելու պահին մեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նա տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։