«Ռոստելեկոմն» իր հայաստանյան դուստր ձեռնարկության միջոցով նախատեսում է 2024 թվականի սկզբին Հայաստանում գործարկել տեղական տվյալների մշակման կենտրոն։ Այս մասին «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում ասել է «Ռոստելեկոմի» նախագահ Միխայիլ Օսեևսկին։
GNC-Alfa-ն («Ռոստելեկոմի» հայաստանյան դուստր ձեռնարկությունը) 2012թ. դեկտեմբերից սկսել է կապի ծառայությունների առաջխաղացումը և վաճառքը Հայաստանի տարածքում՝ «Rostelecom» ապրանքանիշի ներքո: Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է երկրի տարածքի 80%-ն ու ունի ավելի քան 2500 կմ երկարություն։
2021 թվականի դեկտեմբերին Օսեևսկին հայտնել էր, որ «Ռոստելեկոմը» կարող է 25 մլն դոլարով վաճառել իր հայաստանյան դուստր GNC-Alfa ընկերությունը։ Գործարքը կատարելու պլանների մասին հաղորդվել էր 2018 թվականի սկզբին, նախատեսվում էր այն ավարտել մինչև 2021 թվականի առաջին եռամսյակի ավարտը։ Սակայն 2023 թվականի մարտին օպերատորի ղեկավարը հայտնել է, որ «Ռոստելեկոմը» որոշել է չվաճառել այն և կզբաղվի ընկերության ակտիվ զարգացմամբ ։
«Մենք շարունակում ենք ակտիվորեն զարգանալ Հայաստանում, որտեղ մենք դուստր ընկերություն ունենք, այնտեղ այժմ ընթանում է տվյալների մշակման կենտրոնի շինարարությունը։ Սա կլինի առաջին խոշոր տվյալների կենտրոնը, որը ստեղծվել է երկրում ամենախիստ պահանջներին համապատասխան։ Մեծ հետաքրքրություն կա պետական մարմինների կողմից», - ասել է Օսեևսկին։