Հասարակություն

Արմավիր–Գյումրի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները վերսկսվել են

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ Արմավիր–Գյումրի պետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն արդեն վերսկսվել են։ 

Ըստ Սանոսյանիէ այդ ամբողջ ճանապարհահատվածից վերցրել են ամենաանբարեկարգ` 29 կմ հատվածը, որը փաստաթղթերում անվանում են Գյումրի–Իսահակյան ճանապարհ. «Այդ ամբողջ 29 կմ–ի համար կա շինարարական ընկերություն, որն անցած տարի սկսել է աշխատել, այս տարի էլ շարունակում է։ Մի քանի օր առաջ եղել եմ Անիում, իմացա, որ ընկերությունն արդեն տեխնիկան տեղափոխել է ու սկսել են որոշակի աշխատանքներ։ Երևի բնակավայրի հատվածում չեն, այդ պատճառով բնակիչները չեն նկատել»,– նշել է նա։ 

Նախարարը նաև շեշտել է, որ եղանակային պայմաններն արդեն բարելավվում են, և արդեն իսկ բետոնային աշխատանքներ են իրականացվում, որպեսզի հետո էլ ճանապարհի շարվածքի վրա շարունակեն գործը։