Քաղաքական

«Թույլ չեմ տալու, որ իրավապահ համակարգում «ցեխ շպրտեն» իրար վրա». դատախազ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում դատախազության գործունեության տարեկան հաղորդման ամփոփիչ ելույթում հայտարարել է, թե իԻրավապահ համակարգը չի ներքաշվելու հանրային տիրույթում որևէ սադրանքի կամ ոչ իրավական քննարկման մեջ։

«Նախաքննական մարմինը ոչ միայն քննադատվում է, նախաքննական մարմնի յուրաքանչյուր արարք դառնում է քննարկման առարկա։ Ես վիճակագրություն ներկայացրեցի, թե քանի միջնորդագիր է ներկայացվել ու քանի իրավապահ համակարգի ներկայացուցիչ է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Դա է ճանապարհը»,- ասել է նա։ 

Ըստ դատախազի՝ հանցավորության դեմ պայքարում պառակտված իրավապահ համակարգն անզոր է։ Նա նաև վստահեցրել է. «Մենք չենք ներքաշվելու հանրային տիրույթում որևէ սադրանքի կամ ոչ իրավական քննարկման մեջ։ Ես թույլ չեմ տալու, որ իրավապահ համակարգում «ցեխ շպրտեն» իրար վրա՝ ներքաշվելով որևէ քաղաքական դիսկուրսի մեջ։ Իրավապահ համակարգն իրականացնելու է իր գործառույթները»։

Վարդապետյանը նաև ասել է, թե «Ազգային ժողովից հնչող քաղաքական խոսքն ազդում է հասարակության խոսույթի որակի վրա, և սրանք ուղղակի բառեր չեն, սա երևում է յուրաքանչյուր քրեական գործից, յուրաքանչյուր քրեական գործով վերցված ցուցմունքից, յուրաքանչյուր քրեական գործով կազմվող մեղադրական եզրակացությունից: Մեզնից յուրաքանչյուրի խոսքին հետևում են մարդիկ, ձեր խոսքին հետևում են ձեր ընտրողները: Դուք նրանց վարքագծային մոդելն եք»։