Քաղաքական

ՀՀ-ն պատրաստ է եղել ստորագրել ՌԴ փոխվարչապետի պատրաստած եռակողմ հայտարարության տեքստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ի պատասխան Radar Armenia-ի հարցի, անդրադարձել է ավտոճանապարհների ապաշրջափակման թեմային։

Radar Armenia-ն հետաքրքրվել է՝ «Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը հոկտեմբերին հայտարարել էր, որ Հայաստանի ցանկությունից է կախված՝ մաս կկազմի՞ տարածաշրջանային հաղորդակցությունների սխեմային, թե՞ ոչ՝ նկատի ունենալով Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի կապման հարցը։ Կարո՞ղ եք ներկայացնել, թե ինչպես են պատկերացնում այդ ճանապարհի իրավական կարգավիճակը և փաստական վերահսկողությունը Ռուսաստանը և արևմտյան գործընկերները։ Կա՞ նրանց հետ Հայաստանի շահերի համընկնում այս առումով»։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է. «Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի քաղաքացիները ՀՀ տարածքով պետք է անցնեն ոչ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Մաքսային և անձնագրային հսկողությունն էլ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով չլինի, և հայ սահմանապահները, մաքսային ծառայություններն առնչություն չունենան նրանց հետ։ Մենք ասում ենք՝ այս տրամաբանությունը այնքան էլ հասկանալի չէ, որովհետև եթե խաղաղության օրակարգի ենք գնում, դա թշնամության օրակարգի հետագա շարունակություն է։ Մենք պատրաստ ենք՝ եկեք, անցեք, մենք էլ ձեր տարածքով անցնենք, և ՀՀ ու Ադրբեջանի քաղաքացիներն այդ ճանապարհներից օգտվելու հնարավորություն ունենան։ Մենք պատրաստ ենք այդ ճանապարհով գնալ։ Այստեղ է խնդիրը։ Ես վերահաստատում եմ՝ մենք պատրաստ ենք։ Մենք պատրաստ չենք այնպիսի կարգավորումների, որոնք կնսեմացնեն ՀՀ սուվերենությունը՝ թեկուզ առանձին վերցրած տարածքում։ Այսօր ամբողջ աշխարհն է գնում լոգիստիկ շղթաների պարզեցման, որ բեռները արագ և առանց լրացուցիչ քաշքշուկների տեղափոխվեն, որովհետև մանավանդ 21-րդ դարում լոգիստիկան կարևոր նշանակություն ունի։ Մենք պատրաստ ենք գնալ այդ կարգավորումների, բայց պատրաստ չենք ՀՀ սուվերենության նսեմացման»։

Հարցին էլ՝ ՌԴ և արևմտյան գործընկերներն ի՞նչ կարծիք ունեն, վարչապետը պատասխանեց. «ՌԴ-ին մենք մեր դիրքորոշումները ներկայացրել ենք, և վերջին այցի ընթացքում մեզ թվաց, թե համաձայնության ենք եկել, մեր ու ՌԴ դիրքորոշումները համընկնում են, և դրանց հիման վրա ՌԴ փոխվարչապետը պատրաստեց եռակողմ հայտարարության տեքստ, նախագիծ, որը, ասացի, պատրաստ եմ ստորագրել։ Իսկ Ադրբեջանը չցանկացավ ստորագրել»։

Ըստ Փաշինյանի՝ ինքն առաջարկել է այդ տեքստը ստորագրել 2022թ. դեկտեմբերի 28-ին՝ Սանկտ Պետերբուրգում. «Ես այսօր էլ եմ պատրաստ այդ տեքստը ստորագրել՝ առանց Ադրբեջանի միջամտության, որովհետև Ադրբեջանը մի շատ կարևոր պարբերություն հանել էր։ Մենք ուրիշ տարբերակ էլ ենք առաջարկել՝ եկեք երկկողմ արտապատվիրակենք սահմանային ծառայությունները՝ թեկուզ ինչ-որ ժամանակով, միջազգային օպերատոր հրավիրենք, որ սահմանային հսկողությունն իրականացնի։ Ամբողջ աշխարհում դա տարածված է՝ կլինի միջազգային կազմակերպություն, թե մասնավոր ընկերություն։ Մենք այդ տարբերակին համաձայն ենք, Ադրբեջանը համաձայն չէ։ Մեր բոլոր առաջարկները մնում են ուժի մեջ»։