Քաղաքական

Խաղաղության պայմանագրի տեքստում առաջարկել ենք ստեղծել երաշխավորների ինստիտուտ. Գրիգորյան

«Մինչև տարվա վերջ հնարավոր է ստորագրել խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանը  դրական արձագանքի Հայաստանի առաջարկների․ դա կախված է Ադրբեջանից»,-այսօր նման դիտարկում արեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով ՀՀ-ից Ադրբեջանին ուղարկված առաջարկների և մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի հավանական ստորագրման վերաբերյալ հարցին։

Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ և այս առումով իր քայլը կատարել է․ «Ստեղծված ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ապակառուցողական դերը․ երբ խաղաղության բանակցություններ են ընթանում, Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը»։
ԱԽ քարտուղարը վստահեցնում է, որ Լաչինի միջանցքը փակել են ոչ թե բնապահպանները, այլ Ադրբեջանի իշխանությունները, և իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային։
 
Հարցին՝ ի՞նչ արժեք ունի խաղաղության պայմանագիրը, երբ տեսնում ենք, որ Արդբեջանը շարունակում է խախտել պայմանավորվածությունները, Գրիգորյանն ասաց, որ հաշվի առնելով այս հանգամանքը՝ խաղաղության պայմանագրի տեքստում առաջարկել են երաշխավորների ինստիտուտ ստեղծել։ «Միջազգային կազմակերպության կամ պետությունների կողմից խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտ ստեղծվի, որը կարողանա ապահովել այդ պայմանագրի իրականացումը»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ նաև առաջարկ է եղել ստեղծել անլուծելի ճգնաժամի դեպքում միջազգային դատարան դիմելու մեխանիզմ։