Քաղաքական

Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունեց Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու բանաձև

Ֆրանսիայի Ազգային ժողովում միաձայն` 256 կողմ, ընդունվեց Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու և Հվ. Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու պահանջով բանաձևը։

Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը

- Կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք;

- Առաջարկում է կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում;

- Կոչ է անում կառավարությանը շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ համաձայն ԱԺ 2020 թվականի թիվ 502 բանաձևի դրույթների (նշված բանաձևով առաջարկվում է կառավարության ճանաչել Լեռնային Ղարաբաղը);

- Առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը;

- Կոչ է անում միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։

Բանաձևը ներկայացվել է Ազգային ժողովի մեծամասնության՝ իշխանական «Վերածնունդ» խմբակցության անունից։

Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրերի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության անձնակազմը։

Ավելի վաղ Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել էր Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժմիջոցներ առաջարկող բանաձև։ Բանաձևը ներկայացրել էին սենատորներ Բրունո Ռըտայոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը։