Վերլուծություն

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն այսօր «սենսացիոն» հայտարարություն է արել։ Նա ասել է, որ ինքը պատրաստ է եղել աջակցել Նիկոլ Փաշինյանին, «որ կարողանար իր վրա վերցնել պատասխանատվությունն ու աներ լրացուցիչ մի քանի զիջում, որ նախկին նախագահները չուզեցին կամ չկարողացան անել»։

2020-ի պատերազմից հետո քաղաքական դաշտում հետաքրքիր տրանսֆորմացիաների ականատես եղանք։ Մինչ պատերազմը «ոչմիթիզականության» գաղափարախոսները հերթով ուրացան ու հայտարարեցին, որ իրենք միշտ կողմնակից են եղել փոխզիջումային տարբերակի։

Հիշում եք Սերժ Սարգսյանի հայտնի հարցազրույցը, երբ նա բառացիորեն հայտարարել էր. «Ես երբեք «ոչմիթիզական» չեմ եղել, երբեք․ և՛ 90-ականների սկզբի մեր հաջողությունների պահին, և՛ 2000-ականների ամբողջ ընթացքում, և՛ նախագահական նստավայր գալու առաջին իսկ օրից ես տարբեր ձևակերպումներով ասել եմ, որ այս խնդիրների լուծումը տեսնում եմ միայն փոխզիջումներով»։

Հիմա, պարզվում է, Վարդան Օսկանյանն էլ է զիջումների կողմնակից եղել։ Ընդ որում, նա իր խոսքում օգտագործում է ոչ թե փոխզիջում, այլ՝ զիջում արտահայտությունը։ Մի հանգամանք, որ դիվանագետի դեպքում հազիվ թե պատահական բացթողում լինի։ Ու հիմա հետաքրքիր է՝ երբվանի՞ց է Օսկանյանը զիջումների կողմնակից եղել։ Կամ եթե եղել է փոխզիջումների կողմնակից, ինչո՞ւ է միայն հիմա խոսում այդ մասին, երբ գնացքը վաղուց գնացել է։ Իսկ այն ժամանակ, երբ հնարավորություն կար գնալ փոխզիջումների, նա, ընդհակառակը, ոչմիթիզականության դիրքերում էր։ Որքան էլ այսօրվա ելույթից հետո ապշեցուցիչ է հիշելը, պարոն Օսկանյանը փոխզիջումների անհրաժեշտության մասին չի բարձրաձայնել ո՛չ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, ո՛չ էլ 2018-2020թթ. ընթացքում։ Ավելին՝ 2017թ. նա Սեյրան Օհանյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ դաշինք էր կնքել ու հստակորեն առաջ էր տանում չզիջելով կովկասյան վագրից կովկասյան մամոնտի վերաճելու քաղաքականությունը։ Ասել է, թե այսօր փոխզիջումների մասին խոսում է «ստատուս-քվոյի» ճարտարապետներից մեկը։ Իհարկե, Օսկանյանը կարո՛ղ է և շա՛տ էլ ճիշտ է անում, որ եկել է նախորդ փուլում սխալները վերագնահատելու հանգրվանին, սակայն արդար կլիներ, որ նախ ինքն ընդուներ իր պատասխանատվությունը ու մի ասպետական քայլ կատարեր՝ ներողություն խնդրելով իր արկածախնդիր քաղաքականության համար, որը նաև հանգեցրեց ասյօրվան։

Հիշո՞ւմ եք Օսկանյանի հայտնի հայտարարությունները, թե «Հայաստանը երբեք չի գնա ղարաբաղյան բանակցային գործընթացում զիջումների․․․», «Մենք առանց դրա էլ կզարգանանք եւ կդիմանանք շրջափակմանը, թեկուզ՝ 100 տարի»: Մեկ այլ առիթով էլ ասել էր. «Ղարաբաղի հարցը մենք, մեր ժողովրդի, իշխանությունների, ողջ հանրության տեսանկյունից, լուծել ենք: Ղարաբաղն այսօր Հայաստան է»:

Ամենախոսուն դրվագը, որի մասին պատմել է Օսկանյանն իր գրքում, 1998թ. հունվարի 8-ի ՀՀ ԱԽ նիստն է, երբ, ի պատասխան նախագահ Տեր-Պետրոսյանի հարցի, թե հնարավո՞ր է երբևէ ստանալ մի փաստաթուղթ, որում հղում կարվի Ղարաբաղի կարգավիճակին՝ առանց ամրագրելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Օսկանյանը պատասխանել էր. «կարծում եմ՝ հնարավոր է», այնուհետ ավելացրել. «Ասել, թե իմ պատասխանը հիմնված էր ինչ-որ վերլուծության վրա, ճիշտ չէր լինի...»։

Օսկանյանի պաշտոնավարման 10-ամյա շրջանից կարելի է անթիվ մեջբերումներ անել։

Մի բան էլ. Օսկանյանը հայտարարում է, թե նախկին նախագահները «չուզեցին կամ չկարողացան» գնալ զիջումների։

Ասել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի տապալման պատասխանատվությունը նա փորձում է նախկինների, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի վրա գցել։ Հետաքրքիր է՝ իսկ ո՞վ էր 10 տարի շարունակ Քոչարյանի օրոք ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում։ Այո, Վարդան Օսկանյանը։ Նույն Օսկանյանը, որ պատրաստ է եղել գործող վարչապետին համոզել՝ գնալ զիջումների, դեռ մի բան էլ ավելի։

Հ.Գ. Չնայած, Օսկանյանը մի ալիբի ունի՝ «օկուպացված տարածքների» մասին հայտնի արտահայտությունը, որ հետո վերագրեց սխալ թարգմանությանը։